ՀԱՅ-ՀՈՒՆԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ՏՆՕՐԵՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ՊԱՏՎՈԳՐՈՎ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԿՈՂՄԻՑ
Դեկտեմբերի 1-ը շատ նշանավոր օր էր Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի համար: ՀՀ ԿԳ նախարարության նախնական/արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության վարչության մասնագիտական կրթության և ուսուցման բաժնի պետ Ս. Համբարձումյանը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի անունից պարգևատրեց հայ-հունական քոլեջի տնօրեն Արթուր Վարդանյանին՝ երկարամյա մանկավարժական գործունեության, գիտության և կրթության ոլորտում մի շարք ներդրումների և քոլեջի տնօրենի պարտականությունները բաեխիղճ և անթերի կատարելու կապակցությամբ:
Շուրջ տաս տարի պարոն Վարդանյանը ղեկավարում է հայ-հունական քոլեջը: Ղեկավարման առաջին իսկ օրից պարոն Վարդանյանը հավատարիմ է ուսուցման նորարարական մեթոդներին, մշտապես զարգացման և առաջխաղացման սկզբունքներին: Զգալի աշխատանք է կատարել և շարունակում է կատարել եվրոպական կրթական համակարգին ինտեգրվելուն, որի արդյունքում քոլեջը համագործակցում է մոտ 20 արտասահմանյան ուսումնական հաստատությունների հետ (բուհեր և քոլեջներ): Այդ համագործակցությունը լայն հնարավորություններ է ընձեռում հայ-հունական քոլեջի ուսանողներին՝ արտասահմանում մասնագիտական պրակտիկա անցկացնելու և կրթությունը շարունակելու համար:
Հայ-հունական քոլեջի տնօրենը իր հերթին շնորհակալություն հայտնեց ՀՀ ԿԳ նախարարության նախնական/արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության վարչությանը և նախարար Արմեն Աշոտյանին՝ ավելացնելով, որ այդ պատվոգիրը ավելի պարտավորեցնող է իր և որ նա շարունակելու է ջանք ու եռանդ չխնայել հայ-հունական քոլեջի մասնագիտական զարգացման և կրթության որակի բարելավման համար: