ՀԱՅ-ՀՈՒՆԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ԵՎ ՄՈՍԿՎԱՅԻ ԻՆՈՎԱՑԻՈՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Հայ-հունական քոլեջի և Մոսկվայի ինովացիոն տեխնոլոգիաների մասնագիտական քոլեջի միջև նոր համագործակցության պայմանագիր կնքվելուց հետո սույն թվականի մայիսի 31-ից մինչև հունիսի 6-ը Մոսկվայից Հայաստան ժամանեցին «Հանրային սննդամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության 6 ուսանող և 2 դասախոս-վարպետներ: Մոսկվայի համանուն քոլեջի ներկայացուցիչները հայ-հունական քոլեջում անցկացրեցին իրենց մասնագիտական պրակտիկան՝ ծանոթանալով հայկական խոհանոցի պատմությանը և մի շարք ավանդական ուտեստների պատրաստմանը: Փորձի փոխանակման ծրագրի շրջանակներում նրանց համար կազմակերպվեցին էքսկուրսիաներ Հայաստանի տեսարժան վայրեր: Հյուրերը եղան նաև առևտրաարդյունաբերական պալատում, որտեղ ջերմ ընդունելության արժանացան և մասնակցեցին երիտասարդության հարցերին նվիրված քննարկմանը:

Հայ-հունական քոլեջի տնօրեն Ա. Վարդանյանը ռուս ուսանողների համար ուներ հատուկ անակնկալ: Նա հանդիպում կազմակերպեց խոհանոցի գիտակ, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ, «Արարատ հոլ» ռեստորանի գլխավոր խոհարար և տնօրեն Սեդրակ Մամուլյանի հետ: Վերջինս ուսանողների համար անձամբ վարպետության դաս կազմակերպեց՝ հայկական շատ հայտնի «Արարատ փլավ»-ի պատրաստման եղանակը և խորհուրդը ներկայացնելով: Վարպետության դասից հետո ծավալվեց բուռն քննարկում: Հայ-ռուսական այս նոր համագործակցության շնորհիվ սպասվում են դեռ շատ նմանատիպ այցելություններ երկու ուսումնական հաստատությունների միջև, որի արդյունքում ուսանողները կհամատեղեն ուսումը այլ ճանաչողական միջոցառումների հետ: