ԿՐԿՆԱԿԻ ՏՈՆ ՀԱՅ-ՀՈՒՆԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ

Ապրիլի 2-ը Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի համար առանձնահատուկ օր էր: Քոլեջն այդ օրն իր ջերմ պատերի ներքո հյուրընկալեց Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Իոաննիս Տայիսին, ՀՀ ԿԳ Նախարարության աշխատակիցներին և քոլեջի սոցիալական գործընկերներին Սուրբ Զատիկի տոնը, ինչպես նաև Մայրության և գեղեցկության տոնը միասին նշելու համար:
Հյուրերը ներկա գտնվեցին քոլեջի համտեսի սրահում ուսանողների կողմից կազմակերպված բաց դասին, որը մեկնարկվեց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանի պատմական ակնարկով, այնուհետև հայ-հունական քոլեջի սաները բավականին մանրամասն հյուրերին ներկայացրեցին Զատիկի ուտեստները և թե ինչ են դրանք խորհրդանշում, արեցին Սուրբ Աստվածաշնչից մեջբերումներ, որից հետո հյուրերը համտեսեցին Զատկի ավանդական ուտեստները:
Օրվա երկրորդ կեսին քոլեջի բոլոր աշխատակիցները, ուսանողները և հյուրերը տեղափոխվեցին քոլեջի դահլիճ Մայրության և գեղեցկության տոնին նվիրված համերգն ունկնդրելու նպատակով: Ելույթ ունեցան մի շարք պարի խմբեր, երգիչներ և դերասաններ՝ Ջուլիետա Բաբայանը, Մարգարիտա Խաչատրյանը, Արայիկ Համբարձումյանը և այլոք: Քոլեջում տիրում էր տոնական բարձր տրամադրություն: