<<Հայաստան-Ղազախստան>> շնորհանդես



2009թ-ին Սանկտ-Պետերբուրգում կայացած հանդիպումից հետո Ղազախական էկոնոմիկայի, ֆինանսների և միջազգային առևտրի համալսարանը ընկերական հարաբերություններ հաստատեց Երևանի զբոսաշրջության,սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի հետ: Հայ և ղազախ ժողովուրդների բարեկամությունը տարիների պատմություն ունի: Երկու երկրների համագործակցությունը տարածվում է գրեթե բոլոր` տնտեսական, քաղաքական, մշակութային, կրթական բնագավառների վրա: Հունիսի 12-ին Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջում տեղի ունեցավ շնորհանդես` նվիրված ղազախական համալսարանի պատվիրակությանը: Շնորհանդեսին ներկա էին ղազախական պատվիրակությունը, քոլեջի տնօրեն պարոն Ա.Վարդանյանը, դասախոսական կազմի ներկայացուցիչները, ուսանողները: Շնորհանդեսին բացման խոսքով հանդես եկան քոլեջի տնօրեն Ա.Վարդանյանը, Ղազախստանի պատվիրակության ղեկավար, <<Արման-Տուր>> տուրիստական գործակալության տնօրեն տիկին Սալտանատը: Ղազախ ուսանողները ֆիլմաշարի միջոցով ներկայացրին իրենց երկիրի բնությունը, ազգաբնակչությունը,պատմական հուշարձանները, սովորությունները: Մեր ուսանողներն էլ ներկայացրին Հայաստանի պատմությունը,տեսարժան վայրերը.սովորությունները: Այնուհետև ցուցադրվեցին երկու երկրների ուսումնական հաստատությունների ստեղծման պատմությունը, միջազգային հարաբերությունները, ձեռքբերումները, իրագործվելիք ծրագրերը: Շնորհանդեսն անցավ ջերմ և հյուրընկալ մթնոլորտում, որի ընթացքում քննարկվեցին հետագա համագործակցության քայլերը: Այցելության ընթացքում իրականացվեցին հանդիպումներ քոլեջի սոցիալական գործընկերների հետ, կազմակերպվեց միջոցառում`<< Հայ-ղազախական խոհանոց>> խորագրով, որտեղ կողմերը ներկայացրին իրենց ազգային կերակրատեսակները: