ՀԻՇՈՒՄ ԵՄ և ՊԱՀԱՆՋՈՒՄ ПОМНЮ И ТРЕБУЮ I REMEMBER AND DEMAND

Ապրիլի 22-ին Հայ-հունական պետական քոլեջում տեղի ունեցավ «Աղաղակում է անցյալը, պահանջում՝ ներկան» խորագրով միջոցառում,որի նպատակն էր՝ փաստել սերունդների հաջորդական շղթայի բոլոր օղակների փոխկապակցվածության ներքին խորհուրդը: Քոլեջի սաներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին ապրիլյան անմեղ զոհերի անմահ հիշատակին: 1915 թվականը հավերժ կմնա հայ ժողովրդի հիշողության մեջ:Հայի վերքը երբեք չի սպիանա, քանի որ դա հոգու մեղք է, ոչ թե մարմնի: Այդ վերքի միակ բալասանը կլինի այն, որ Թուրքիայի կառավարությունը և ներկա սերունդը , որոնք փաստացի մեղք չունեն ազգասպան ոճրի մեջ, ոչ թե ջանան թաքցնել իրենց բարբարոս նախորդների արյունոտ թաթը, այլ մաքրեն նրանց կողմից թուրքական պատմության ճակատին խարանած մուրը, պաշտոնապես ընդունեն և հրապարակայնորեն դատապարտեն հայասպանության տեսությունը:Ահա սա էր քոլեջի սաների արդար պահանջը: Անդրադարձ կատարվեց նաև օրերս Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մատուցած պատարագին և ուղերձին:

Սա կարևոր քայլ էր աշխարհին իրազեկելու մարդու իրավունքների մասին, առաջնորդվելու, հիրավի, համամարդկային վեհ արժեքներով և կանխելու հետագա ցեղասպանությունները: Քրիստոնյա աշխարհի վարած քաղաքականությունն աննախադեպ էր.աշխարհը միացավ հայի ցավին, ազնվացավ, բարոյական և քաղաքական ինքանգիտակացության նոր արժեհամակարգի եկավ: Սա մշակութային գիտակցության և մարդասիրական իրավունքի մեջ նոր իրողություն է: 100 տարի է անցել դժնդակ այն օրերից:Տարիների ընթացքն ու բեռը չեն կարող ստիպել, որ մենք մոռանանք այն, ինչ եղել է:Հիշողությունը, սակայն, մարդուն տված չէ անցյալ ցավերն անվերջ նորոգելու, այլ սրբազան հիշատակները պաշտելով հանդերձ՝ նոր ճանապարհն անշեղ անցնելու համար,քանզի դարերի խորքից եկած մեր ժողովրդի հավերժական երթը ոչ ոք և ոչինչ չեն կարող կասեցնել, քանի որ հզոր ու ամրակուռ է մեր հոգին: Տասնամյակներ են անցել եղերական այն օրերից: Վերածննդի ու վերընձյուղման, ծաղկումի ու բարգավաճման տասնամյակներ:Եվ կոտորածից, մահերից ու ավերածություններից փրկված մի բուռ Հայաստանը դարձել է ոչ միայն տեղաբնիկների նորոգ երկիրը, այլև անցած տասնամյակներում հայրենադարձված զանգվածների երջանիկ օթևանը, աշխարհի տարբեր երկրներում հանգրվանած ամբողջ հայության հոգու հայրենիքն ու ազգապահպանման կենսահյութերի հորդաբուխ աղբյուրը: Նրա զավակներն այսօր աշխարհի հետ խոսում են վաստակած հպարտությամբ՝ որպես հզոր տերերն իրենց երկրի, իրենց բախտի ու ճակատագրի:Այստեղ հիշենք սփյուռքահայության առաջին սերնդի գրող Վազգեն Շուշանյանի գրական խոսքը՝ ուղղված իր սենդակիցներին. «Կարևորը միայն ապրելը չէ, այլ մեծությա՛մբ ապրելը», արժանապատվությամբ, ոչ թե գլխիկոր՝ աշխարհի պինդ ճակատին հառած պայծառ հայացքով և ապագայի նկատմամբ անխախտ հավատով: