ՀԱՅ-ՀՈՒՆԱԿԱՆ ՔՈԼԵՋԸ ԷՍՏՈՆԻԱՅՈՒՄ

Միջազգային համագործակցության շրջանակներում Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի պատվիրակությունը՝ տնօրեն Ա. Ղազարյանի գլխավորությամբ, նախնական պայմանավորվածության համաձայն ս.թ. նոյեմբերի 25-ից դեկտեմերի 2-ը փոխադարձ այց կատարեց Էստոնիայի Հանրապետություն:

Այնտեղ հանդիպեցին էստոնացի գործընկերներին, եղան Վալգայի միջին մասնագիտական ուսումնական կենտրոնում, Իդա-Վիրումաա միջին մասնագիտական ուսումնական կենտրոնի երեք մասնաճյուղերում (Ք. Սիլլամյաե, ք. Նարվա և ք. Իխվի), որոնց հետ արդեն 10 տարի է, ինչ քոլեջը համագործակցում է:
Պատվիրակությունը փորձի փոխանակման ծրագրի շրջանակներում այցելեց նաև Տարտուի միջին մասնագիտական ուսումնական կենտրոն, ինչպես նաև Տարտուի համալսարան, որտեղ սովորել է հայ անվանի գրող, արևելահայ աշխարհաբար գրականության հիմնադիր Խ. Աբովյանը:
Հայ-հունական քոլեջի պատվիրակությունը վերոնշյալ էստոնական ուսումնական հաստատությունների տնօրինության հետ քննարկեց հետագա համագործակցության ուղիները, հետագա այցերի ժամկետները, ինչպես նաև պայմանավորվածություն ձեռք բերվեց, որի համաձայն 2018 թվականի մայիսին Հայ-հունական քոլեջի ուսանողներն ու դասախոսները կմեկնեն Էստոնիայի Հանրապետության Վալգա և Իդա-Վիրումաա միջին մասնագիտական ուսումնական կենտրոններ մասնագիտական պրակտիկան անցկացնելու նպատակով: