ՀԱՅ-ՀՈՒՆԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

<<Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ>> ՊՈԱԿ-ի և Էստոնիայի Հանրապետության Իդա-վիրումաա և Վալգա մասնագիտական ուսումնական կենտրոնների հետ համագործակցության շրջանակներում ս/թ հոկտեմբերի 11-ից 19-ը հայ-հունական քոլեջի պատվիրակությունը տնօրեն՝ պարոն Ա. Վարդանյանի գլխավորությամբ մեկնեց Էստոնիայի Հանրապետություն՝ Էստոնիայի մասնագիտական կրթության ուսուցման ծրագրի օրինակով Եվրամիության կողմից որակավորված մասնագիտական ծրագրին ծանոթանալու և մասնակցելու նպատակով:
Պատվիրակության կազմում էր նաև ՀՀ ԿԳ նախարարության մասնագիտական կրթության և ուսուցման բաժնի պետ՝ պարոն Ս. Համբարձումյանը:
Վերոնշյալ ուսումնական հաստատություններում երկու կողմերի տնօրենները քննարկեցին Եվրամիության կողմից որակավորված մասնագիտական ծրագիրը և այն ՀՀ-ի միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ներդնելու հնարավորությունները: Տնօրենները քննարկեցին նաև իրենց համագործակցության հետագա քայլերը:
Պատվիրակությունը ծանոթացավ Իդա-վիրումաա և Վալգա մասնագիտական ուսումնական կենտրոնների գործունեության սկզբունքներին, ուսումնական պլաններին, կաբինետ-լաբորատորիաներին: Պատվիրակության համար կազմակերպվեցին դասալսումներ՝ եվրոպական ուսուցման համակարգն ավելի լավ պատկերացնելու նպատակով:
Գործուղման ընթացքում կազմակեպվեցին հանդիպումներ Իդա-վիրումաա և Վալգա մասնագիտական ուսումնական կենտրոնների սոցիալական գործընկերների հետ, ովքեր ևս ակտիվորեն մասնակցեցին վերը նշված բոլոր քննարկումներին:
Կարևոր ձեռքբերումներից էր՝ պարոն Ա. Վարդանյանի և վերոնշյալ մասնագիտական կենտրոնների տնօրենների հետ համատեղ ստորագրված նոր համաձայնագիրը, որն այսուհետ թույլ կտա տարին երկու անգամ Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջից գործուղել դասախոսներ և ուսանողներ մասնագիտական պրակտիկա անցկացնելու և փորձի փոխանակման համար: