Հունական խոհանոցի կերակրատեսակների պատրաստման տեխնոլոգիա

2013 թվականի նոյեմբերի 4-ին Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության, հայ-հունական պետական քոլեջը նախնական պայմանավորվածության համաձայն իր հյուրընկալ դռներն էր բացել ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազար դեսպան Իոաննիս Տաղիսի, նրա տիկնոջ Անդրոմախի Մենթզելայի եւ դեսպանության անդամ Մարիա Ղալանոպուլուի առջեւ: Այցի նպատակը տիկին Անդրոմախիի կողմից կազմակերպված «Հունական խոհանոցի կերակրատեսակների պատրաստման տեխնոլոգիա» խորագրով բաց դասի կազմակերպումն էր քոլեջի դասախոսական եւ ուսանողական կազմի համար: Հյուրերին քոլեջի ուսանողներն ընդունեցին հունական երգ ու պարով, ներկայացվեց Հունաստանի պատմությունն ու հայ եւ հույն ժողովուրդների մշակութային ընդհանրությունները, որից հետո դեսպանի կինը եւ տիկին Մարիան քոլեջի սննդի լաբորատորիայում ուսանողներին եւ դասախոսներին ներկայացրեցին հունական կերակրատեսակների պատրաստման տեխնոլոգիան, պատրաստեցին հունական նախուտեստներ, հիմնական կերակրատեսակներ, աղանդեր, որոնք համտեսվեցին քոլեջի Արարատ սրահում: Այցի շրջանակներում դեսպանի հետ քննարկվեցին քոլեջի եւ Հունաստանի համանուն ուսումնական հաստատությունների հետ հետագա համագործակցության քայլերը, գարնանը քոլեջի պատվիրակության կազմում դեպի Հունաստան ուսանողների այցելության հնարավորությունները: Հանդիպման ամփոփման ընթացքում որոշվեց հաջորդ անգամ կազմակերպել միջոցառում հունական երգի եւ պարի ցուցադրման ուղղությամբ: