Ն Ո Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր


Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ ՊՈԱԿ-ի, Հայաստանում Բրիտանական խորհրդի գրասենյակի և Մեծ Բրիտանիայի Քրեյվեն քոլեջի միջև ակադեմիական համագործակցության շրջանակներում 2011թ. մայիսի 23-27-ը Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի ծրագրերի ղեկավար Ն. Թովմասյանի հրավերով տեղի ունեցավ քոլեջի տնօրեն Արթուր Վարդանյանի այցը Մեծ Բրիտանիա:Գործուղման նպատակն էր ակադեմիական համագործակցության շրջանակներում մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում ուսումնասիրել անգլիական փորձը` ուղղված աշխատաշուկայի պահանջներին համապատասխան ուսումնական պլանների արդիականացմանը, ուսուցման արդիական մեթոդների ուսումնասիրմանը, քննարկել նոր մասնագիտությունների ներդրման հնարավորությունները, ինչպես նաև քննարկել և հաստատել հետագա համագործակցության քայլերը:

Գործուղման ընթացքում հնարավորություն ստեղծվեց ծանոթանալ Սքիփթոն քաղաքի Քրեյվեն քոլեջում ուսումնական գործընթացի կազմակերպման սկզբունքներին, ինչպես նաև ներկայացվեց Քրեյվեն քոլեջին կից գործող Թայրո կազմակերպությունը, որը պատասխանատու է Քրեյվեն քոլեջի զարգացման, միջազգային և բիզնես ծրագրերի մշակման համար: Քննարկումների արդյունքում Թայրո կազմակերպության միջազգային ծրագրերի տնօրեն Դավիդ Լեուելինը ներկայացրեց 2011թ. հունվար ամսին հայ-հունական պետական քոլեջ այցելության ընթացքում կատարած ուսումնասիրությունների արդյունքները, որով իր գոհունակությունը հայտնեց քոլեջի ձեռքբերումների, հնարավությունների, վարչական և դասախոսական կազմի մասնագիտական պատրաստվածության վերաբերյալ, ինչպես նաև խոստացավ օժանդակել քոլեջին նոր մասնագիտությունների ներդրման ուղղությամբ:

Նաև փոխգործակցության պայմանագիր կնքվեց Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ ՊՈԱԿ-ի և Քրեյվեն քոլեջի միջև, որի արդյունքում նախատեսվում է բրիտանական փորձագետների այցը քոլեջ, որը կուղղորդվի դասավանդման նորագույն մեթոդների վերաբերյալ վերապատրաստման դասընթացներով, նախատեսվում է նաև քոլեջի մասնագետների այցը Մեծ Բրիտանիա, որի նպատակը կլինի անմիջապես տեղում ուսումնասիրել ուսումնական գործընթացի կազմակերպման բրիտանական մոդելըª հետագայում կուտակված փորձը քոլեջում ներդնելու ակնկալիքով: