Ն Ո Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր


ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ
2010 թվականի հունիսի 13-ից 21-ը դասախոսների մասնագիտական փորձի փոխանակման, ուսանողների գիտելիքների ամրապնդման, ինչպես նաև սփյուռքահայ ուսանողների հետ անմիջական շփում հաստատելու նպատակով ՙ Համագործակցություն առանց սահմանների՚ խորագրով տեղի ունեցավ Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի պատվիրակության այցը Արևմտյան Հայաստան, Սիրիական Արաբական Հանրապետություն և Լիբանանի Հանրապետություն, քոլեջի տնօրեն Ա.Մ.Վարդանյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում ընդգրկված էին քոլեջի դասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ:
Այցելության նպատակն էր վերոնշյալ երկրների ուսումնական հաստատությունների հետ համագործակցության ծրագրերի իրականացման համաձայնության ձեռքբերումը:
Պատվիրակության առաջին կանգառը եղավ Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում, որտեղ նախնական պայմանավորվածության համաձայն պատվիրակությանը դիմավորեցին Վանի Առևտրի և արդյունաբերական պալատի ներկայացուցիչները, որոնք ջերմ վերաբերմունքից և հյուրասիրությունից զատ պատվիրակության համար կազմակերպեցին էքսկուրսիա Վանի տեսարժան վայրեր` Սուրբ խաչ եկեղեցի և այլն: Այնուհետև պատվիրակությունը ճանապարհը շարունակեց դեպի Սիրիական Արաբական Հանրապետություն: Սիրիայում պատվիրակությունն այցելեց Հալեպի Կրթասիրաց ՉէմպԷրճեան վարժարան: Վարժարանում պատվիրակության ներկայացուցիչները հանդիպում ունեցան վարժարանի վարչակազմի, սփյուռքահայ մանկավարժների և սովորողների հետ, ինչպես նաև կազմակերպվեցին քննարկումներ հետագա համագործակցության ծրագրերի վերաբերյալ:
Այցելությունը վառ տպավորություններով հագեցնելու նպատակով քոլեջի պատվիրակությունը նաև այցելեց տեղի պատմամշակութային վայրեր:
Հաջորդ կանգառը Լիբանանի Հանրապետության Բեյրութ քաղաքն էր, որտեղ պատվիրակությանը դիմավորեց Բեյրութի Հայ-ավետարանական քոլեջի տնօրեն Զավեն Մսըրլյանը, որի հետ ձեռք բերվեց դասախոսների փորձի փոխանակման, ուսանողների փոխանակման, պրակտիկաների կազմակերպման վերաբերյալ պայմանավորվածություն:
Հայ-հունական քոլեջի տնօրեն Ա.Մ.Վարդանյանը ներկայացրեց, ինչպես հայ-հունական, այնպես էլ ՀՀ-ում գործող մյուս քոլեջների վերաբերյալ: Պատվիրակությունը նաև մասնակցեց քոլեջի ամփոփիչ քննություններին, կամակերպվեցին զրույցներ մանկավարժների և ուսանողների հետ, փոխանակվեցին մշակութային համարներով, ներկայացվեց ՀՀ կրթական համակարգը:
Հաջորդ այցելությունը Բեյրութի Հայկազյան համալսարանն էր, որտեղ նույնպես կազմակերպվեցին քննարկումներ հետագա համագործակցության վերաբերյալ, կազմակերպվեցին հանդիպումներ մանկավարժների և ուսանողների հետ: Պատվիրակությունն այցելեց նաև Հայկազյան կրթահամալիրի մանկամսուր որտեղ երեխաների ընդունելությունը սկսվում է 40 օրականից: Անմոռանալի վառ տպավորություններով պատվիրակությունը վերադարձավ Հայաստան