Ն Ո Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր


«Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի եւ Էստոնիայի Հանրապետության Ախտմեի դպրոցի միջեւ հաստատված համագործակցության շրջանակներում դպրոցի տնօրեն Ելենա Դիտյատկինաի հրավերով 2013 թվականի մարտի 25-ից 29-ը տեղի ունեցավ «Երեւանի զբոսաշրջության, սպասարկման եւ սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Վարդանյանի գործնական այցը Էստոնիայի Հանրապետություն: Գործուղման նպատակն էր ուսումնասիրել եւ իրականացնել նախապատրաստական աշխատանքներ 2013թ. մայիսի 12-ից 20-ը Վրաստանի, Էստոնիայի, Լեհաստանի, Ռուսաստանի, Ֆինլանդիայի մասնագիտական ուսումնական կենտրոնների եւ «Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի որոշակի առողջական շեղումներ ունեցող ուսանողների համար Էստոնիայում կայանալիք ուսանողական ճամբարի կազմակերպման ուղղությամբ: Գործուղման ընթացքում Պյառնու քաղաքում ճանաչողական հանդիպում կազմակերպվեց ծրագրի համակարգողների, ինչպես նաեւ Վրաստանի, Էստոնիայի, Լեհաստանի, Ռուսաստանի, Ֆինլանդիայի մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների եւ պատվիրակությունների մյուս ներկայացուցիչների հետ: Այցելություն կազմակերպվեց Պյառնուի մասնագիտական ուսումնական կենտրոն, որտեղ ներկայացվեց Էստոնիայի եւ Լեհաստանի ներառական կրթության կազմակերպման սկզբունքները, կենտրոնի ստորաբաժանումների գործառույթները, ուսումնասիրվեց կենտրոնի մասնագիտական խոհանոցը, որտեղ ուսանողները պետք է ներկայացնեն իրենց ազգային խոհանոցի կերակրատեսակները: Կազմակերպվեցին քննարկումներ ուսանողական ճամբարի կազմակերպման համար անհրաժեշտ գործողությունների, ծրագրի ժամանակացույցի, օրակարգի, անհրաժեշտ օժանդակ միջոցների, ծրագրի նպատակների, ակնկալվող արդյունքների եւ «Երիտասարդական անձնագրերի» կազմման, ինչպես նաեւ ուսուցման ոչ ֆորմալ մեթոդների վերաբերյալ: