Ն Ո Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր


ՀԱՅ-ՀՈՒՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ԻՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՊԵՐԸ



«Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի եւ Էստոնիայի Հանրապետության Իդա-Վիրու մասնագիտական կրթական կենտրոնի միջեւ ձեռք բերված ակադեմիական համագործակցության նախնական պայմանավորվածությունը համապատասխան պայմանագրով ամրագրելու նպատակով 2013թ. մայիսի 15-20-ը Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ էին ժամանել Իդա-Վիրու մասնագիտական կրթական կենտրոնի եւ Ռակվերեյի մասնագիտկան ուսումնական կենտրոնի պատվիրակությունները: Աշխատանքային այցի շրջանակներում հյուրերը տեղում ծանոթացան քոլեջի նյութատեխնիկական բազային եւ կրթական ծրագրերին, մասնակցեցին քոլեջի դասախոսների կողմից կազմակերպված բաց դասերի, հետեւեցին ուսանողներին կողմից ճաշատեսակների պատրաստման տեխնոլոգիական գործընթացին եւ համտեսեցին ուսանողների պատրաստած հայկական կերակրատեսակները:

Կողմերի միջեւ ստորագրվեց ակադեմիական համագործակցության պայմանագիր, որը ենթադրում է փորձի, ծրագրերի, դասախոսների եւ ուսանողների փոխանակում: Պատվիրակություններն այցելեցին քոլեջի ուսանողների պրակտիկայի մեկնման կազմակերպություններ, որտեղ սոցիալական գործընկերների հետ քննարկվեց ուսումնական հաստատության առաջարկի եւ աշխատաշուկայի պահանջարկի համապատասխանեցման հարցերը: Հյուրերն այցելեցին նաեւ Երեւանի թիվ 6 արհեստագործական ուսումնարան եւ Դիլիջանի պետական քոլեջ: Պաշտոնական ծրագրի մաս էր կազմում նաեւ այցելությունը ՀՀ ԿԳՆ ԿԱԻ Մասնագիտական կրթության եւ ուսուցման զարգացման ազգային կենտրոն /ՄԿՈՒԶԱԿ/, որտեղ հյուրերին ընդունեց կենտրոնի տնօրեն Տաթեւիկ Գասպարյանը, ով ներկայացրեց ՀՀ ՄԿՈԻ համակարգը եւ բարեփոխումների գործընթացը: